ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խմբագրականով է հանդես եկել Հունաստանի ամենամեծ շրջանառություն ունեցող «To Vima» օրաթերթում, որը միաժամանակ հունարեն, անգլերեն և ալբաներեն լեզուներով տպվել է Հունաստանի, Կիպրոսի և Ալբանիայի օրաթերթերում և լրատվական կայքերում։
«Էթնիկ զտո՞ւմ, թե՞ գոյատևման պայքար մինչև վերջ» վերտառությամբ հոդվածի հայերեն թարգմանությունը տեղ է գտել նաև Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ստորև.
Վերջին մի քանի օրվա ընթացքում 120․000 հայեր՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, իրենց պապենական հայրենիքում՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղ), Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով հայտնվել են արգելափակման մեջ։ Ադրբեջանը շրջափակել է նրանց ու այժմ նրանք ամբողջովին կտրված են արտաքին աշխարհից։
Սա իսկապես հումանիտար աղետ է։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանից մի խումբ կեղծ բնապահպաններ, իբր բնապահպանական մտահոգություններով, փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ մարդասիրական օղակը՝ Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի կողմից այս շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Եռակողմ հայտարարության մեջ հստակորեն ընդգծված է հետևյալը.
ա) Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հսկողության տակ։
բ) Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։
Ճանապարհի արգելափակումն արցախահայերին թողել է մեկուսացված՝ առաջին անհրաժեշտության սահմանափակ ռեսուրսներով: Սնունդը, դեղորայքը և վառելիքը հետզհետե սպառվում են ձմեռային ցրտաշունչ պայմաններում։ Ադրբեջանը նաև մի քանի օրով դադարեցրել էր Արցախ գազամատակարարումը՝ մարդկային տառապանքը էլ ավելի սաստկացնելու նպատակով։ Բնական գազը գալիս է Հայաստանից ու անցնում ադրբեջանական կողմից վերահսկվող տարածքով։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները և մանկապարտեզները ստիպված էին փակվել, իսկ հիվանդանոցները դժվարությամբ էին խնամում ցրտահարված հիվանդներին: Նույնիսկ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին բուժում ստանալու և կյանքը փրկելու համար դեռևս չի հաջողվում տեղափոխել Հայաստան։
Ադրբեջանի կողմից այս շրջափակումը արցախահայությանը մարդկային և զանգվածային տառապանք պատճառելու առաջին փորձը չէ։ Բացի վերջին 30 տարում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված երեք պատերազմներից, վերջինս արցախահայությանը ենթարկել է նաև այլ տարբեր փորձությունների։ Արցախահայության երեք սերունդ ապրել է մահ և դժվարություններ, ենթարկվել ջարդերի ու սպանդի և շարունակում է ապրել Ադրբեջանի կողմից բնաջնջման մշտական սպառնալիքի ներքո։
Սակայն արցախահայությունն այդ ամենին դիմացել է։ Չնայած այն փաստին, որ 2020 թ․ նոյեմբերին ստորագրվել է ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ծայրահեղ ու անտանելի կենսապայմաններ ստեղծելու տարբեր միջոցներ է ձեռնարկում՝ այդ թվում՝ ռազմական սադրանքներ, հոգեբանական ճնշումներ և ահաբեկչություն՝ կրակելով քաղաքացիական նշանակության շենքերի վրա, բազմիցս անջատելով բնական գազի հոսքը ձմռան ցուրտ պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել իր զինանոցում եղած ամբողջ գործիքակազմը՝ հայերին իրենց հայրենիքից բնաջնջելու և/կամ արտաքսելու համար։ Ադրբեջանը չի ընդունում, որ գոյություն ունի այնպիսի սուբյեկտ, ինչպիսին է «Լեռնային Ղարաբաղը», և հստակ բացահայտում է իր ցեղասպան մտադրությունները։
Ադրբեջանի կողմից շրջափակումը առանձին գործողություն չէ։ Դա համակարգված և հետևողական քաղաքականության մի մասն է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը: Հակահայկական հիստերիան ու ատելության խոսքը, ինչպես նաև ինստիտուցիոնալացված հայատյացությունը բացահայտում են Ադրբեջանի մտադրությունները։ Ոչնչացնելով և պղծելով դարավոր պատմություն ունեցող հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, գերեզմանները և խաչքարերը, ինչպես նաև իր տիրապետության տակ գտնվող հողերից ջնջելով ամեն հայկականը՝ Ադրբեջանն ակնհայտորեն բացահայտում է ոչ միայն էթնիկ զտումների իր քաղաքականությունը, այլև իր մտադրությունը, այն է՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործել հերթական ցեղասպանությունը։
Իսկապես, Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ պահանջում է Լեռնային Ղարաբաղը առանց հայերի։ Ադրբեջանը պահանջում է զուտ տարածքը, ու այդ նպատակին հասնելու համար հայերի բնաջնջումը միջոց է՝ հասնելու նպատակին։ Սա գոյաբանական պահ է հայերի համար․ կյանքի և մահի հարց, քանի որ արցախահայերը, անտանելի ու անմարդկային պայմաններում, շարունակաբար պայքարում են իրենց հինավուրց հայրենիքում ապրելու իրավունքի համար:
Սա դանդաղ զարգացող ցեղասպանություն է։ Ավելի քան 120 000 բնակչությունը կարող է անհետանալ, ամբողջությամբ լիկվիդացվել՝ առանց որևէ մեկի պատասխանատվության։ Մենք նախկինում ականատես ենք եղել նման գործընթացների, որոնք տեղի են ունեցել հայերի, հույների, քրդերի և շատ ուրիշների հանդեպ:
Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժման և տրանսպորտի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության: «Տեղի բնակչությունը պետք է պաշտպանված լինի դժվարություններից և տառապանքից»:
Ադրբեջանին նման հայտարարություններ և կոչեր են հղել ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, Կանադան, Վատիկանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Նիդեռլանդները, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Էստոնիան և այլն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հարցը քննարկման է դրել հատուկ նիստում։ Այդ բոլոր հայտարարություններն ընդգծում են, որ շրջափակման շարունակությունը սպառնում է հումանիտար աղետի պատճառ դառնալ։ Փաստացի՝ այն արդեն իսկ ընթացքի մեջ է, քանի որ շրջափակման պատճառով Ստեփանակերտում մահացել է մեկ հիվանդ։ Ադրբեջանը ձևացնում է, թե չի լսում այդ կոչերը և երկու կեղծ փաստարկ է ներկայացնում․
- Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը,
- Բողոքում են ոչ թե իշխանությունները, այլ «բնապահպանները»։
Սակայն միջազգային արձագանքներից հստակ երևում է, որ ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի հավատում այս փաստարկներին։
Մինչ աշխարհը պատրաստվում է Սուրբ Ծննդյան ու Ամանորի տոնակատարությանը, Արցախի հայ բնակչությունը գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ՝ մեկուսացված և կտրված ողջ աշխարհից։
Հերթական ողբերգությունը կանխելու համար անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ և վճռական գործողությունները: Քաղաքակիրթ աշխարհը և միջազգային մասնագիտացված կազմակերպությունները պետք է միջամտեն՝ իրավիճակի հետագա սրումը կասեցնելու ու Արցախի ժողովրդին ընթացող ցեղասպանությունից փրկելու համար։ Արցախի ժողովուրդը փորձելու է դիմակայել նոր ցեղասպանությանը, սակայն հնարավոր է, որ դա նրա վերջին պայքարն է՝ հանուն գոյատևման։
--00—ԶՀ