Ամանորի գնումների հաշվին դեռ արցախցին դիմանում է, գնալով խնդիրներն ավելի կզգանք մեր վրա. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

․

Արցախում պարենը, մթերքն ու դեղորայքը գնալով պակասում են, բայց դեռ դիմանում ենք։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված իրավիճակին Ամանորի ընթացքում։

«Ամեն ինչն էլ կամաց-կամաց պակասում է։ Դեղորայքի հետ կապված դեռևս լուրջ խնդիր չկա, կարող է ինչ-որ անվանական դեղերի պակաս լինել, բայց ընդհանուր դեռ դիմանում ենք», - հավելեց արցախցի պատգամավորը։

Գալստյանը նշեց, որ բնակչությունը դեռեւս հոգում է կարիքներն ի հաշիվ նախապես կատարած ամանորյա գնումների։ «Նոր տարվան ընդառաջ մարդիկ ինչ-որ չափի առեւտուր էին արել, պահեստավորել։ Երևի քիչ ժամանակ անց չկարողանանք համալրել պարենային պահեստները։ Խնդիրների առկայությունը մարդիկ գնալով կզգան իրենց վրա, առայժմ դեռ նկատելի պակասություն չկա», - եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի-Քարին տակ հատվածում։

--00--ԱՀ