ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 16-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին և ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը:
ՎԶԵԲ փոխնախագահ Բոումենն իր հերթին շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արգասաբեր գործունեություն:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ կողմից ֆինանսավորվող ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերին՝ պետական և մասնավոր ոլորտներում: Կողմերը մտքեր են փոխանակել նոր պոտենցիալ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ, մասնավորապես խոսվել է մասնավոր հատվածին պետական աջակցության հարցերում համատեղ ծրագրերի մշակման և փորձի փոխանակման անհրաժեշտության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:
--0--ԱՀ