ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Հրանտ Դինքի սպանության տարելիցին հարցազրույց է տվել հայ լրագրող Արիս Նալճըին։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Հարցազրույցում Դեմիրթաշը խոսել է նաև Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին:
«Էրդողանական պետությունը չունի այնպիսի հոգսեր, ինչպիսիք են խաղաղությունը, արդարությունը, հավասարությունը, ազատությունը, հարևանների հետ լավ հարաբերությունները․․․
Անշուշտ, համակողմանի պաշտոնական առերեսում է անհրաժեշտ հայ ժողովրդի ապրած ողբերգության հետ, անշուշտ, հայկական պետության հետ իրական հարևանային հարաբերություն է անհրաժեշտ և, անշուշտ, անհրաժեշտ է վերացնել հայերի դեմ թշնամանքը, որը հասարակության մեջ անբարոյական վարք է, սակայն այժմ դրա համար հող չկա»։
«Խաղաղության, առերեսման նպատակ էլ չկա։ Պուտինի պարտադրանքի և հրատապ քաղաքական կարիքների պատճառով մակերեսային երկխոսությունից այն կողմ անցնող նվազագույն ջանք էլ չկա։ Այս մտածելակերպով հնարավոր էլ չէ, որ լինի»,- եզրափակել է Դեմիրթաշը։
--00--ԱՀ