ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով, որի ընթացքում տեղեկացրել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիր ստորագրելու մասին։
Ուղերձի ընթացքում Հարությունյանը հայտնել է նաև․
«Ի՞նչ կարող են անել Արցախի համար Հայաստանն ու Սփյուռքը: Նախ, անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պետք է փայփայել ու զորացնել, քանի որ դա մեր ազգային շահերից է բխում, և անթույլատրելի է այդ երեքից որևէ մեկին վերաբերվել որպես լրիվ առանձին կամ խանգարող միավորի: Այո, Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, օբյեկտիվ իրականությունից ելնելով Արցախը ձգտում է ինքնուրույն հանդես գալ սեփական խնդիրների լուծման հարցում և բարձրացնել միջազգային սուբյեկտայնության մակարդակը, սակայն առանց Հայաստանի և Սփյուռքի մշտական աջակցության և ուղեկցության Արցախը չի կարող հաջողել: Իսկ Արցախն էլ իր բաժին պատասխանատվությունն է ստանձնում համազգային շահերի պաշտպանության գործում: Ի՞նչ է արվում անվտանգության ապահովման ուղղությամբ: Զգալի աշխատանք կատարվել և կատարվում է անվտանգության սեփական համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, սակայն հաշվի առնելով այդ թեմայով առկա խիստ զգայուն հարցերը՝ նախընտրելի է դրանց մասին քիչ խոսել, շատ աշխատել: Արցախում ապրող յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, որից ծնվում է դրա դեմ ուղղված հարձակումներից ու ոտնձգություններից այդ իրավունքը պաշտպանելու համընդհանուր ինքնապաշտպանության իրավունքը: Այս իրավունքը անքակտելիորեն մեզ ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի դեռ առկա է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանն ուղղված վտանգը: Այնուամենայնիվ, մեր խոցելիության աստիճանը նկատի ունենալով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ մեր անվտանգության արտաքին երաշխիքները երկար ժամանակ կարևորագույն դեր են խաղալու մեզ համար: Ուստի, ջանքեր ենք գործադրում բարելավելու ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մակարդակը, ինչպես նաև քննարկում ենք միջազգային քաղաքական այլ երաշխիքների կիրառման հնարավորությունները:
Թեև Ադրբեջանի հետ հակամարտությունը մեր գլխավոր մարտահրավերն է, որը բացասաբար է ազդում Արցախի ժողովրդի կյանքի բոլոր ոլորտների վրա, այնուամենայնիվ, մեր ներքին հիմնախնդիրները նույնպես կարևոր նշանակություն ունեն ավելի ամուր ու զարգացած ապագա կերտելու ճանապարհին: Ավելին, դրանք ուղիղ կերպով անդրադառնում են նաև անվտանգային ու արտաքին քաղաքական հարցերի լուծման ջանքերի արդյունավետության վրա:»։
--00—ԱՊ