59 գույք և 26 մլրդ դրամ բռնագանձելու պահանջ՝ Հովիկ Աբրահամյանից և մերձավորներից․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

l-JlSnKXLB06

Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց Գլխավոր դատախազության՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, ներկայացրած հայցադիմումի քննությունն ընդդեմ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի, վերջինիս կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի, որդու և դստեր՝ Արգամ և Աննա Աբրահամյանների,  ինչպես նաև՝ ընտանիքի հետ փոխկապակցված այլ անձանց, գրում է «Հետք»-ը։

Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Ասատրյանը նիստը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց՝ նշելով, որ պատասխանող կողմի համար օբյեկտիվ հիմքեր են առաջացել դատավորի կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ: Մասնավորապես՝ գործի քննությունը չի հետաձգվել նոր ներկայացուցիչ ներգրավելու հիմքով, բայցի այդ, չի երկարացվել հայցադիմումի պատասխանի ժամկետը, որով խախտվում է կողմերի հավասարության սկզբունքը: Ներկայացուցիչներին արդյունավետ պաշտպանության հնարավորություն չի տրվում, ինչը կասկածի տակ է դնում դատավորի անկողմնակալությունը:

Դատարանը չքննարկեց միջնորդությունը, քանի որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա, գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները: Այդ պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում: Փաստաբան Ասատրյանը կողմերին չէր տրամադրել գրավոր միջնորդության օրինակը օրինակը։

Դատախազ Տիգրան Ենոքյանը դատարանում ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան, ինչից հետո դատարանը հետաձգեց դատական նիստը, որպեսզի նոր ներգրավված ներկայացուցիչները ծանոթանան գործի նյութերին:

Տիգրան Ենոքյանը հայտարարեց, որ Աբրահամյանների գույքի ուսումնասիրության ժամանակահատվածի սկիզբ է ընտրվել 1995 թվականը

Պահանջ է ներկայացվել` Հովիկ Աբրահամյանից, կնոջից, որդուց, դուստրերից, ԱԺ նախկին նախագահին փոխկապակցված այլ անձանցից՝ անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանից և կնոջից, Աբրահամյանների ազգական Գագիկ Պողոսյանից և կնոջից, Հ. Աբրահամյանի եղբորորդուց և կնոջից՝ Կարինե Աբրահամյանից, վարորդ Գրիգոր Գևորգյանից և կնոջից, վարորդի եղբայր Ամբիկ Գևորգյանից և կնոջից, վարորդի ազգական Աշոտ Խաչատրյանից, Ռուզաննա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նրանց պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքը: Ըստ դատախազության՝ նշված գույքերի ձեռք բերումն ամբողջությամբ չի հիմնավորվել Հովիկ Աբրահամյանի օրինական եկամուտներով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ