ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի ծնողները գոհ չեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից։ Ասում են՝ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում մի շարք կարևորագույն հարցեր են բարձրացրել, որոնցից գրեթե որևէ մեկի մասով հստակ պատասխան չեն ստացել։ Խնդիրների մեծամասնությունից նախարարը տեղյակ չի եղել։
«Ճիշտ է, երկու ժամից ավելի նստեցինք, բայց, որ ասեմ կոնկրետ ինչ-որ մի բան իմացանք, լսեցինք՝ ոչ։ Մենք չէինք էլ ակնկալում, որ ինքը կոնկրետ ինչ-որ բան կասեր։ Ինքը չէր էլ կարող պատասխանել։ Ես, ոնց հասկանում եմ, ինքը շատ բանից է անտեղյակ։ Բայց, Փառք Աստծո, գոնե ընդունեց այսքանից հետո, խոստացավ անհրաժեշտության դեպքում առանձին հանդիպումներ ունենալ ծնողների հետ, օգտակար լինել։ Թե այդ խոստումը որքանով է ճիշտ՝ ժամանակը ցույց կտա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց անհետ կորած զինծառայողի մայր Կարինե Մանավազյանը։
Նրա փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում բարձրացրել են երեխաների վերադարձից մինչև նրանց ԴՆԹ-ներին վերաբերող հարցեր։ Պահանջել են տրամադրել իրենց որդիների անհետանալու օրն արված տեսագրությունները։ Պապիկյանը ծնողներին վստահեցրել է, որ պահանջն ապահովելու ուղղությամբ համապատասխան քայլեր կձեռնարկի։
«Դե մենք հասկանում ենք, որ դա 1-2 օրվա բան չէ, մեկ շաբաթվա բան էլ չէ, բայց չենք էլ պատրաստվում երկարատև սպասումներով ամիսներ շարունակ անգործ նստել։ Չէ, այդպիսի բան չի լինելու։ Մենք անընդհատ հիշեցնելու ենք մեր մասին, որ հանկարծ չմոռանան, որ մենք կանք ու պետք է պատասխան տան մեզ։ Ուզում ենք հասկանալ, թե իմ երեխան ոնց է անհետացել, ոնց է ստացվել, որ ինքը դարձել է անհետ կորած։ Ոնց է մահացել։ Այդ նյութերը փաստեր են, որոնք կարող են օգնել »,- ասաց ծնողը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ