ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումները ներկայացրել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը կայացել է այսօր Աբու Դաբիում Միրզոյանի ղեկավարությամբ և ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագիտական կազմի անդամների մասնակցությամբ։
«Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը, առկա միտումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումներն ու առանցքային հարցերը։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին»,– գրել է Բադալյանը ֆեյսբուքյան էջում։
Քննարկվել են նաև Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
--00—ՅՄ