ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Օպերատիվերեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ:
Բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սամվել Աբրահամյանն ու Անդրանիկ Երկնափեշյանը:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրայնն ու Ոստիկանության Իջևանի բաժնի պետը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը վարել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ 06-ը վարել է տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյան:
--00—ԱՊ