ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News
Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել, ինձ ոչ ոք չի հեռացրել, պարզապես այդպես որոշեցի: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, որն այսօր ազատվել է մարզպետի պաշտոնից:
«Ընտանիքիս հետ եմ քննարկել նաև և եկել այդ եզրահանգմանը, որ հեռանամ մարզպետի պաշտոնից»,- մանրամասնեց Խաչատրյանը:
Հարցին, թե ազատման դիմում գրելը որևէ կերպ կապված չէ՞ր երեկ` Փաշինյանի այցով Լոռու մարզ, որտեղ էլ բազում խնդիրներ էր արձանագրել վարչապետը և դժգոհ էր իրականացված աշխատանքներից, Խաչատրյանը կտրականապես հերքեց. «Որևիցե խնդիր չունեմ վարչապետի հետ: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում վարչապետին` ինձ այդ պաշտոնը վստահելու և այսքան տարիների համագործակցության համար: Ես մեծ սիրով ու նվիրումով եմ աշխատել»:
Խաչատրյանը նաև նշեց, որ նոր աշխատանքի անցնելու մասին դեռևս չի մտածում, այս պահին հանգստի է անցնում, իսկ թե որտեղ կանցնի աշխատանքի` ժամանակը ցույց կտա:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը Լոռու մարզի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերի 17-ից:
Մերի Մանուկյան
--00--ԼՀ