Ամբողջությամբ կսուբսիդավորվի խոցելի խմբերի, մասնակի՝ ցածր եկամուտ ունեցողների ապահովագրավճարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

1127806

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից հետո կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի մինչև 18 տարեկան երեխաների, 63 ու դրանից բարձր տարիքի անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրավճարները։ Բացի դա, կառավարությունը պատրաստակամ է նաև մասնակի սուբսիդավորել ամսական մինչև նվազագույն աշխատավարձի քառապատիկը եկամուտ ունեցող անձանց, գյուղացիական տնտեսությունում զբաղվածների, վերջիններիս փոխկապակցված անձանց ապահովագրավճարները։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը։

Հարցազրույցում Խարազյանն անդրադարձել է առողջության համապարփակ ապահովագրության նպատակին, ներդրման գործընթացի փուլերին ու ըստ այդմ՝ շահառուների խմբերի ընդգրկմանը, ապահովագրավճարի և պետության կողմից սուբսիդավորման չափերին և այլ մանրամասների։

-Ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ նպատակով է ներդրվում առողջության համապարփակ ապահովագրությունը։

-Ընդհանրապես առողջության ապահովագրությունը մի մոդել է, որը հնարավորություն է տալիս կատարել ամսական փոքր կանխավճարներ և կյանքի որևէ փուլում առողջական խնդիրներ առաջանալու դեպքում չմտածել այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծառայությունների դիմաց վճարելուց։ Հայաստանում նման համակարգի բացակայությունը բերել է զգալի թվով մարդկանց ֆինանսական պաշտպանվածության բացակայության, և ըստ տնային տնտեսությունների հետազոտության տվյալների՝ մեծ թվով մարդիկ՝ հարցվածների շուրջ 12,5 տոկոսը, չի դիմել բժշկի ֆինանսական պատճառներով, իսկ շուրջ 56 տոկոսն էլ ուղղակի զբաղվում է  ինքնաբուժմամբ, որը, մեր գնահատմամբ, մեծամասամբ ֆինանսական խնդիրներով է պայմանավորված։ Ֆինանսական պաշտպանվածության բացակայությունը տարիներ շարունակ բերել է մեր քաղաքացիների մոտ վարքագծային լուրջ փոփոխությունների, և առանց այն էլ բժշկի դիմելու վախին ավելացել են նաև հետագա ծախսերը կրելու մտահոգությունները, որի հետևանքով զգալիորեն ավելացել են բժշկական հաստատություններ ուշացած, բարդացած, անհետաձգելի վիճակում դիմելու դեպքերի թիվը՝ դրանով իսկ մեծացնելով մահացության և հաշմանդամության դեպքերի կամ հիվանդության անբուժելիության և կյանքի որակի կորստի քանակը։ Հետևաբար, մեր քաղաքացիների կողմից առողջապահական ծառայություններ ստանալու ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացման նպատակով է ներդրվում առողջության համապարփակ ապահովագրությունը՝ դա զուգորդելով նաև առողջապահության համակարգում իրականացվող այլ բարեփոխումների հետ՝ բուժօգնության որակի բարելավում, առողջապահական տեղեկատվական համակարգերի լավարկում, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում, առողջապահական ենթակառուցվածքների՝ շենքերի և շինությունների, սարքերի և սարքավորումների արդիականացում, առողջապահական կազմակերպությունների լիցենզավորման , բուժանձնակազմի շարունակական մասնագիտական կրթման ծրագրերի իրականացում։ Մեր կարծիքով այս ամբողջությունն է հնարավորություն տալու կայացնել առողջապահական արդյունավետ և որակյալ համակարգ։

-Երբ կմեկնարկի գործնական փուլը և քանի փուլերով է նախատեսվում համակարգի ներդրումը։ Ի՞նչ է նախատեսվում յուրաքանչյուր փուլի ընթացքում։ Այս պահին գործընթացը ո՞ր փուլում է։

-Իրականում կարելի է համարել, որ առողջության համապարփակ ապահովագրության գործնական փուլն արդեն իսկ սկսված է։ Մենք 2023 թվականը համարում ենք նախապատրաստական փուլ, երբ սկսվել են օրենսդրական բազայի մշակումը, ապահովագրական փաթեթի մշակումը, փաթեթում ներառվող ծառայությունների գների հաշվարկները, բժշկական կազմակերպությունների ռեսուրսների գնահատումը՝ հիմնականում կանխարգելիչ հետազոտությունների մասով, նաև որոշ էլեկտրոնային գործիքների մշակումը։ Նախատեսվում է 2024 թվականից սկսել ներդրման փուլը, և օրենքի ու ենթաօրենսդրական փաթեթների ընդունումից հետո տարվա երկրորդ կեսին նախատեսվում է ունենալ առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ, որը կիրականացնի պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող բնակչության խմբերի ապահովագրությունը։ Արդեն 2025 թվականից կապահովագրվեն 63 և բարձր տարիքի անձինք, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։ Նախատեսվում է, որ 2026 թվականին կապահովագրվեն բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք, գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, իսկ 2027 թվականից վերջիններս կարող են ապահովագրել նաև իրենց փոխկապված անձանց՝ ընտանիքի անդամներին, որոնք ներառված չեն լինի որևէ խմբում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ