ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Իսլանդիայի օդերևութաբանական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերից ի վեր չորրորդ անգամ Իսլանդիայում ժայթքել է հրաբուխը դուրս արձակելով վառ նարնջագույն լավա, ինչի պատճառով իրականացվել է Գրինդավիկ քաղաքի բնակիչների տարհանում: Իշխանությունները շաբաթներ շարունակ զգուշացրել են Ռեյկյանես թերակղզում հրաբուխի մոտալուտ ժայթքման մասին, փոխանցում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Սա տարածքում 2021 թվականից ի վեր յոթերորդ ժայթքումն է։
Վերջին անգամ հրաբուխը ժայթքել էր փետրվարի սկզբին: Գտնվելով եվրասիական և հյուսիսամերիկյան տեկտոնական սալերի միջև, որոնք մոլորակի ամենամեծերից են, Իսլանդիան սեյսմիկ և հրաբխային թեժ կետ է, քանի որ երկու սալերը շարժվում են հակառակ ուղղություններով:
Իսլանդիան, որը մոտավորապես 3,5 անգամ մեծ է Հայաստանից, ունի ավելի քան 30 ակտիվ հրաբուխ: Սա հյուսիս-եվրոպական կղզին դարձնում է հրաբխային զբոսաշրջության գլխավոր վայր:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Իսլանդիայի հարավում գտնվող էյյաֆյադլայյոկուդլ հրաբխի ժայթքման մոխրի ամպերը տարածվեցին Եվրոպայի մեծ մասում ընդհուպ մինչև Սև ծովի ավազան, ինչի հետևանքով չեղարկվեցին մոտ 100,000 թռիչքներ և հարյուրավոր իսլանդացիներ ստիպված լքեցին իրենց տները:
--00—ՅՄ