ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Գրություններ՝ ՀՀ գլխավոր դատախազին և Ներքին գործերի նախարարին՝ Նարեկ Սամսոնյանին ( Նարեկ Սամսոնյան / Narek Samsonyan)՝ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալելու առիթով։
Ուսումնասիրելով մարտի 22-ին համացանցում հրապարակված՝ Ն. Սամսոնյանին անմարդկային ձևով ձերբակալության կադրերը, որտեղ, իմ տպավորությամբ, կան խոշտանգման, արժանապատվության նսեմացման և ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դրվագներ՝ գրություններ եմ ուղարկել ուժային կառույցներին։
ՀՀ ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ պահանջել եմ պարզաբանել.
ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել ուժի նման ցուցադրաբար կիրառմամբ ձերբակալել Ն. Սամսոնյանին:
Ինչու՞ են ոստիկանները նրան ոչ միայն գետնին տապալում, երբ չի դիմադրում, այլեւ գլուխը սեղմում են ասֆալտին:
Ոստիկանների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների մասով ի՞նչ հանձնարարականներ են տրվել:
Կա՞ն արդյոք պատժված ծառայողներ:
ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ.
ՀՀ ոստիկանության համազգեստով աշխատակիցների ու քաղաքացիական անձանց գործողություններին տալ քրեաիրավական գնահատական,
Ուսումնասիրության ենթարկել Նարեկ Սամսոնյանի փաստաբանների հաղորդումները, ըստ որոնց՝ Ն. Սամսոնյանն իրավապահ մարմիններում զրկված է եղել փաստաբան ունենալու և իր պաշտպանությունն ապահովելու իրավունքից։
Հետևողական կլինեմ գործի ընթացքին և կտեղեկացնեմ հետագա զարգացումների մասին»։
--00—ԼՀ