ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Այս մասին վերջինս հայտնել է թվիթերի իր էջում։
«Երևանում բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով»,-հայտնել է նա։
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարը հայտնել է, որ ուղևորությունը դեպի Հարավային Կովկաս անցել է կառուցողական մթնոլորտում․ «Ես հանդիպեցի բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի հետ՝ քննարկելու իրանական ռեժիմի հարցը, պատժամիջոցների կիրառումը և ռեժիմի ապակայունացնող վարքագծին ուղղված շարունակական ջանքերը: ԱՄՆ-ն նպատակ ունի աշխատել մեր գործընկերների հետ՝ տարածաշրջանի համար դրական տեսլական զարգացնելու համար»,- ասել է նա։
--00—ՅՄ