ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում՝ երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ):
Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը: Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 195 կգ, իսկ հրում վարժությունում՝ 245 կգ ծանրաձողը, Մարտիրոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից:
Թաիլանդում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:
Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ