Այսօր գեներալի կոչում ստացածներն իրենց ընտանիքներին ի՞նչ են ասելու, ո՞ր արժանիքի համար են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Փաշինյան կոչվածն այսօր իրավապահներին պարգևատրումներով  կաշառեց, որ իրեն ավելի լավ ծառայեն։ Այսօր գեներալի կոչում ստացածներն իրենց  ընտանիքներին ի՞նչ են ասելու, ո՞ր արժանիքի համար են ստացել, պետությունը կործանվում է՝ իրենք կոչումներ են ստանում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արդարադատության գեներալ - մայոր, «Պահեստազորի սպաների շարժման» համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանն՝ անդրադառնալով այսօր իրավապահ կառույցի ներկայացուցիչներին պարգևատրումներ շնորհելու հանգամանքին։

Անդրադառնալով վերջին օրերին ցուցարարների հանդեպ ոստիկանության բռնի գործողություններին՝ Պետրոսյանը նշեց, որ, իր համոզմամբ, հրահանգ կա դաժանությամբ հարձակվել ցուցարարների վրա՝ ընդգծելով, որ իրեն զարմանք է առաջացնում ոստիկանության թշնամանքը ցուցարարների հանդեպ։

«Բորենիների խմբով հարձակվողները պետք է հասկանան, որ պատասխան են տալու, որքան էլ ասեն՝ հրաման են տվել, կատարել ենք, պետք է իմանան, որ  հանցավոր հրաման կատարելը հանցագործություն է, յուրաքանչյուրը պատասխանատվության է ենթարկվելու»,- ավելացրեց նա։

Խոսելով Վեհափառի մուտքը ոստիկանության կողմից Սարդարապատ խոչընդոտելու հանգամանքից՝ գեներալ-մայորը նկատեց․

«Սրբություն չունեն, Վեհափառի ճանապարհն են փակում, Փաշինյան կոչվածն իր ոչնչությունը ցույց տվեց, նա վախեր ունի խաչից, եկեղեցուց»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան