ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, «Մեկ օր իմ գունեղ ապագայի մասին» միջոցառման շրջանակներում, հունիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեն հյուրընկալել էր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի մի խումբ բնակիչ-երեխաների՝ նրանց համար հիշարժան օր կազմակերպելու նպատակով։
Երեխաները շրջել են ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքում, ծանոթացել Կոմիտեի և քննիչների աշխատանքային պայմաններին։
Նրանց հետ անմիջական զրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ հորդորելով լավ սովորել՝ հետագայում հանրային կյանքի՝ իրենց նախընտրած ոլորտներում պիտանի մասնագետներ դառնալու և այդ կերպ հայրենիքի հզորացմանը զինվորագրվելու համար։
ՀՀ ՔԿ կոմիտեի նիստերի փոքր դահլիճում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը զրուցել է երեխաների հետ, նրանց բացատրել քննչական գործունեության առանձնահատկությունները, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, երեխաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել նրան։
Արսեն Այվազյանը տեղեկացրել է երեխաների հետ կապն ավելի սերտացնելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությունների մասին։
Հանդիպման վերջում երեխաները նվերներ են ստացել։ Օրն ավելի գունեղ և հիշվող դարձնելու նպատակով նաև ՀՀ քննչական կոմիտեի կողմից մայրաքաղաքում նրանց համար հետաքրքիր ժամանց է կազմակերպվել։
--00—ՅՄ