Անցկացվել է օպերատիվ շտաբի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

ռե.jp

Հունիսի 7-ին անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, պատասխանատու այլ կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Նախարարին և մարզպետին է ներկայացվել աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Հեղեղումներից տուժած բնակավայրերում շարունակվում են ակտիվորեն իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները:

Ներկայացվել է երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը: Հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Վերականգնված է կապը ջրհեղեղի հետևանքով մեկուսացման մեջ հայտնված բնակավայրերի հետ:

Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով հունիսի 6-ին Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։

Գույքագրման աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: Նախարարը և մարզի ղեկավարը կարևորել են գույքագրումն առավելագույն ճշգրտությամբ իրականացնելու անհրաժեշտությունը:

Ներկայացվել է հումանիտար աջակցության բաշխման ընթացքը: Նշվել է, որ օգնությունը աղետից տուժած բնակավայրերի բնակիչներին տրամադրվում է ամենօրյա ռեժիմով: Հատկացվում է նաև հագուստ, դեղորայք՝ ըստ կարիքների:

Նախարարը հանձնարարել է առաջնային կարիքների լրացուցիչ գնահատում իրականացնել բնակչության կարիքները թիրախավորված և լիարժեքորեն բավարարելու նպատակով:

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում են խմելու ջրի մշտադիտարկման աշխատանքները, նորմայից շեղումներ չեն արձանագրվել: Ներկա պահին համաճարակային իրավիճակը աղետից տուժած բնակավայրերում կառավարելի է:

Ոլորտի մասնագետները շարունակում են իրազեկման միջոցառումները, իրավիճակի վերահսկողություն է իրականացվում:

էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման վերականգնողական աշխատանքները ևս ակտիվ ընթացքի մեջ են:

Տրվել են նոր հանձնարարականներ։

--00—ԼՀ