ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Ինչպես մենք ապացուցել ենք մեր գործողություններով, Հայաստանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը։ Այս առումով մենք միշտ համերաշխություն ենք հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ աջակցելով Կիպրոսի խնդրի արդար և կայուն լուծում գտնելու ջանքերին՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային իրավունքի: Այս մասին Կիպրոսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր հանձնառությունն արտացոլված է նաև մեր անմիջական հարևանությամբ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու տեսլականում։ Այսպիսով, հարգելի՛ ներկաներ, ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ վերջին քննարկումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության շուրջ, որն ամրագրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Ընդգծել եմ նաև նույն հռչակագրի և, հետևաբար, 1991 թ. սահմանի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման կարևորությունը: Կարծում եմ՝ այս դիրքորոշումը և՛ հստակ է, և՛ հետևողական: Բացի այդ, այն ավելի է զարգացվել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել, դրանք դեռ ուժի մեջ են: Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի, այսօրվա համապարփակ քննարկումների և իմ պատվիրակության ամենաջերմ ընդունելություն համար»։
--00—ՅՄ