Բաքուն զինվում է, ինչը մեզ մտահոգում է, դրա համար առաջարկում ենք փոխադարձ վերահսկողության մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ես նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի իր 10-րդ խմբագրումը, այստեղ մենք կարևոր քայլ ենք արել և բոլոր գրեթե համաձայնեցված հոդվածները թողնելով պայմանագրի մեջ, առաջարկում ենք Ադրբեջանին ստորագրել այն։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Կարծում եմ, Խաղաղության պայմանագրի առանցքային մասը համաձայնեցված է, և նաև բովանդակային առումով դրանք շատ կարևոր են, այսինքն, հնարավոր է այդպիսով ունենալ Խաղաղության պայմանագիր և ստորագրել։ Հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում և նա պետք է պաշտոնապես արձագանքի սրան, բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այն ինչ ուղարկել է Հայաստանը՝ համաձայնեցված է»,-ասաց նա։

Խոսելով զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին պահանջների մասին, Խանդանյանը նշեց, որ Բաքուն ևս զինվում է․ «Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու ու խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումն է, երրորդ կողմը չի կարող ստիպել կամ պահանջել չզինվել։ ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որն անարձագանք է մնացել։ Պիտի հաշվի առնենք, որ Բաքուն նույնպես զինվում է, դրա համար ՀՀ առաջարկը տրամաբանական է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ