ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Սա մեր բարոյական, սոցիալական, մշակութային պատասխանատվությունն է՝ Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճի՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բեմը, սիրով տրամադրել Արցախցի փոքրիկներին՝ ներկայացնելու իրենց ԱՐԱ, ՊԱ ՍՏԻ ՊԵՆ ԿԻՆԻ՞ բեմադրությունը։ Այդ մասին հայտարարություն են տարածել Հայաստանի կինոգործիչների միությունից․
«ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ, ԺԱՄԸ 19։00-ԻՆ կայանալու է ԱՐԱ, ՊԱ ՍՏԻ ՊԵՆ ԿԻՆԻ՞ թատերական ներկայացման առաջնախաղը։
Արցախցի երեխաները խոսելու են Արցախի բարբառով, Արցախի սիրուն լեզվով և ներկայացնելու են Ալ․ Մանասյանի համանուն ստեղծագործության հիման վրա՝ Սրբուհի Բալայանի բեմադրությունը։
Նախագծի նպատակը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի բարբառների կենսունակության ապահովումն է:
Այն իրականացվում է ԴԻԶԱԿ ԱՐՏ Dizak Art մեզանում արդեն շատ հայտնի կազմակերպության ջանքերով, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի կինոգործիչների միության աջակցությամբ։
Բարի երթ ենք մաղթում և սիրով սպասելու ենք Արցախցի երեխաների առաջնախաղին»-ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ