ՀՀ-ն պատրաստակամ է խորացնել Իրաքի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

photo_2024-09-09_17-33-36

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից:

Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման այցերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ շեշտելով ՀՀ պատրաստակամությունը խորացնելու Իրաքի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները:

Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ու Իրաքի հարաբերությունների պատմական հենքը, դրանց նոր խթան հաղորդելու Իրաքի ցանկությունը, ինչպես նաեւ Իրաքում հայկական համայնքի առկայությունը:

ՀՀ ԱԺ նախագահը խոսել է նաեւ տարածաշրջանային զարգացումներից՝ վերահաստատելով խաղաղության օրակարգին ՀՀ հավատարմությունն ու հաստատակամությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:

--00—ՅՄ