Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

գգ.

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Փափազյան փ․ )։
Մասնավորապես՝
- պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել,
- առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված էին, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
- արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- խմոր հունցելու սարքը, խմորագունդ պատրաստելու համար նախատեսված սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- արտադրական շինության նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 --00--ԼՀ