ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ավանդական ընդունելության ժամանակ կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ով գլխավորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վրացական պատվիրակությունը, եղել է նախագահի ընդունելությանը հրավիրվածների ցանկում, սակայն Բայդենի վարչակազմը չեղարկել է հրավերը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան և Կոնգրեսի մեկ այլ աղբյուր հաստատել են հրավերի չեղարկումը:
Վարչակազմը մերժել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները, իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հրաժարվել է հանդիպել վարչապետ Կոբախիձեի հետ։ Վրաստանի վարչապետի գրասենյակը, «Ամերիկային ձայն»-ի հարցին ի պատասխան, հաստատել է հրավերի չեղարկումը, միևնույն ժամանակ շեշտելով, որ «Սալիվանի հետ հանդիպում նախատեսված չէր»։
«Ամերիկայի ձայն»-ը նշում է, որ չեղարկման պատճառը Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական քայլերն են, այդ թվում՝«օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը։
Ըստ հաղորդման՝ վրացական կառավարության հետ վերջին շփումը ամերիկյան վարչակազմին հույս չի ներշնչել, որ Թբիլիսին կփոխի իր քաղաքականությունը, այլ հակառակը՝ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը վկայում են, որ նա վճռական է անտեսելու Վրաստանի Եվրատլանտյան ինտեգրումը և վրաց ժողովրդի կամքը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ