ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Այսօր արդեն կարելի է փաստել, որ այս իշխանությունը չի իրականացրել անվտանգության ապահովման իր գործառույթը ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում և ո՛չ էլ հետո։ Ամբողջությամբ ձախողել են և՛ անվտանգային, և՛ արտաքին քաղաքականությունը։ Վաղվա Հայաստանը կտա իրական խաղաղության օրակարգ, որն այսօրվա պարտված իշխանության քարոզած մուրացիկ խաղաղությունը չէ։ Այս մասին հայտարարել է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցին նվիրված իր տեսաուղերձում։
«Քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ ամեն ինչ զիջելու պատրաստ, պարտված ու անգամ մարդասիրական խնդիրները, գերիների վերադարձի հարցը բարձրաձայնելու, լուծելու կարողություն չունեցող իշխանությունները, քանի դեռ իշխանությունը զավթել են Հայաստանի ազգային-պետական շահերի հետ որևէ աղերս չունեցողները, 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսած աղետը շարունակվում և շարունակվելու է իր տարաբնույթ դրսևորումներով»,-ասել է Սրբազանը։
--00—ՅՄ