Կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27-ը որպես հիշատակի օր սահմանելուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

ՀՀ կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27–ը որպես որպես հիշատակի օր սահմանելուց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն առաջարկել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
 
ՀՀ կառավարության՝ ձեռնպահ մնալու առաջարկի հիմնավորման մեջ նշվում է, թե «հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը»։
 

Պաշտոնական ամփոփաթերթում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է լրացնել 13.3-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 13.3. Բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուց, քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը:»։

 

--00—ԱՊ