ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Հայ մարտիկ Արման Ծառուկյանը հունվարին ստիպված էր հրաժարվել UFC 311-ում նախատեսված մենամարտից թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ՝ մեջքի վնասվածքի պատճառով։ «Наше Дело» լիգայի մարզական տնօրեն Արմեն Ղուլյանը նշել է, որ Ծառուկյանը հետազոտվում է լավագույն մասնագետների կողմից՝ հասկանալու վնասվածքի լրջությունը և վերականգնման հնարավորությունները։ Նրա թիմը հետևում է առողջական վիճակին, իսկ մարտիկն ինքը նպատակ ունի արագ ապաքինվել ու վերադառնալ մրցաշար։ «Ես տեղեկություն չունեմ Արմանի հետազոտության վերաբերյալ։ Վերջին բանը, որ ինձ հայտնի է, այն է, որ նա պատրաստվում է հետազոտել իր մեջքը՝ պարզելու վնասվածքի լրջությունը և վերականգնման գործընթացը։ Վարդանյանը նրան խորհուրդ է տվել մասնագետների, ովքեր ժամանակին օգնել էին Էդուարդին, երբ նրա մոտ եղել էր կաթվածի վտանգ։ Ողնաշարի խնդիրները պետք է հետևել առավելագույն ուշադրությամբ։ Արմանը լավ շրջապատ ունի, նրանք կվերահսկեն այս գործընթացը։ Ծառուկյանը ցանկանում է հնարավորինս արագ ապաքինվել և կարճ ժամկետում կրկին մենամարտել։ Նա գիտակցում է, որ մեծ հարված է հասցրել կազմակերպությանը և երկրպագուներին ու ցանկանում է վերականգնել իր հեղինակությունը»,- նշել է Ղուլյանը։
Հաղորդվում է, որ Ծառուկյանը մոտ է վերադարձին և հնարավոր է՝ ապրիլի 12-ին Մայքլ Չենդլերի դեմ մենամարտ անցկացնի UFC 314-ում։ Ըստ լրագրող Մանուկ Հակոբյանի՝ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Ծառուկյանն MMA-ում անցկացրել է 25 մենամարտ՝ տոնելով 22 հաղթանակ և կրելով 3 պարտություն, մինչդեռ Չենդլերի հաշվին կա 23 հաղթանակ և 9 պարտություն։
--00--ԱՀ