ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ԱՄՆ պետքարտուղարությունը իր կայքում թարմացրել է Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններին նվիրված էջը։ Ամենաակնառու փոփոխություններից մեկը երկրի պաշտոնական անվանման՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) փոխարինումն է պարզապես Չինաստանով։
ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հետևողականորեն օգտագործում էր ՉԺՀ հապավումը՝ Պեկինի կառավարությունը վկայակոչելիս։ 1970-ականների սկզբին նախագահ Ռիչարդ Նիքսոնը նախաձեռնեց Պեկինի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, որը հանգեցրեց նրան, որ 1979 թվականի հունվարի 1-ին ԱՄՆ-ն դադարեցրեց Թայվանում՝ Թայբեյում նստող կառավարության ճանաչումը. կղզի-պետությունը հայտնի է որպես Չինաստանի Հանրապետություն։ Այդ ժամանակից ի վեր Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում մայրցամաքային Չինաստանի կառավարության հետ՝ միաժամանակ ունենալով ոչ պաշտոնական, բայց բարեկամական հարաբերություններ Թայվանի հետ։
«Թայբեյը պետք է հասկանա, որ [ՉԺՀ-ից Չինաստան] ձևակերպման փոփոխությունը չի նշանակում ԱՄՆ քաղաքականության փոփոխություն։ Վաշինգտոնը նախկինի պես հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին՝ պահպանելով դիվանագիտական հարաբերություններ Պեկինի հետ և ակտիվ ոչ պաշտոնական կապեր Թայբեյի հետ»,- ասել է Թայվանի Գլոբալ ինստիտուտի (Global Taiwan Institute) գործադիր տնօրեն Ռասել Սյաոն՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում։
--00—ՍՊ