Economist Intelligence Unit. ՀՀ-ում ժողովրդավարությունը 2-րդ տարին անընդմեջ հետընթաց է արձանագրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ՍՍ

Հայաստանյան ժողովրդավարությունն, ըստ բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit հետազոտական կենտրոնի, արդեն երկրորդ տարին անընդմեջ հետընթաց է արձանագրում։ Կազմակերպության The Democracy Index-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2024-ին Հայաստանի ժողովրդավարության համաթիվը 5.35 է եղել՝ գրեթե 5 տոկոսով կամ 0.28 միավորով պակաս 2022-ի ցուցանիշից։ 

Ի՞նչն է անկման պատճառը: The Democracy Index-ի ղեկավար Ջոան Հոուին «Ազատության» հարցին ի պատասխան այսօր պարզաբանեց՝ 2024-ի անկման պատճառը Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշի վատթարացումն է։

«2022 թվականից ի վեր Հայաստանի ընդհանուր ինդեքսային միավորում փոփոխություններ են եղել. երկիրը 2022-ին ունեցել է 5.63 միավոր: Այս ցուցանիշը 2023 թվականի վերջում ընկավ մինչև 5.42՝ այդ տարվա դրամատիկ իրադարձություններից հետո, երբ փլուզվեց Կառավարության և քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությունը: 2024-ի միավորն ավելի է իջել՝ հասնելով 5.35-ի՝ կոռուպցիայի ցուցանիշի վատթարացումից հետո», - ասաց Հոուին:

«Նախորդ տարիների ցնցումներից հետո Կառավարության և քաղաքական ուժերի նկատմամբ հանրության վստահությունը փաստացի փլուզվեց, իսկ 2024-ին հետընթացին նպաստեց նաև կոռուպցիան: Հայաստանը շարունակում է մնալ հիբրիդային ռեժիմ, ցավոք, բազմաթիվ բարեփոխումներ դոփում են տեղում, բացի այդ՝ նկատվում է իշխանության կենտրոնացում վարչապետի ու նրա շրջապատի ձեռքում: Եվ խորհրդարանը հետին պլան է մղվել: Խորհրդարանը պետք է անկախ մարմին լինի, բայց այլևս որպես անկախ մարմին չի գործում Հայաստանում», - ընդգծեց The Democracy Index-ի ղեկավարը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ