ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Մխիթարյան միաբանության միաբան և Մխիթարյան ճեմարանի ռեկտոր Համազասպ Քեշիշյանը դատապարտել է Ադրբեջանում հայ քրիստոնյա քաղբանտարկյալների նկատմամբ բռնություններն ու կոչ է անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել նրանց ծանր վիճակին:
«Մենք մտահոգությամբ հետևում ենք շինծու դատավարություններին, որոնք անցկացվում են մեր ցեղասպան հարևանի մայրաքաղաքում»,- ասել է Քեշիշյանը՝ The Armenian Report-ին տված բացառիկ հայտարարության մեջ։ «Ոչ ոք չի կարող լրջորեն վերաբերվել այդ երկրում անցկացվող որևէ գործընթացի։ Այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական դատարանում, դատավարության ծաղր է»,-նկատել է հոգևորականը:
Նա խորին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների, մասնավորապես՝ բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանի առողջության համար։ Նշել է, որ Վարդանյանի վերջին հացադուլը վատ վերաբերմունքի դեմ հակազդեցություն է։ «Հատկապես Ռուբեն Վարդանյանն ակնհայտորեն վատառողջ տեսք ունի, և նրա համարձակ քայլը՝ հացադուլը, խոսում է այն մասին, թե ինչ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների են նրանք ենթարկվում»,-նկատել է նա:
Քեշիշյանը հիշել է Վարդանյանի հետ հանդիպումը Վենետիկում «Ավրորա» մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Սբ. Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության հոգևոր կենտրոնում։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի նվիրումը հայ ժողովրդին՝ շեշտելով, որ գործարարը հրապարակայնորեն ցավ է հայտնել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի զինվորների համար, որոնք զոհվել են հակամարտության ժամանակ։
«Դա խոսում է նրա խորքային մարդասիրության մասին, որը գերազանցում է մեր հարեւանների ատելությունն ու փոքրոգությունը», - ասել է Քեշիշյանը:
Նա հորդորել է հայերին մի կողմ թողնել տարաձայնությունները և միասնաբար դիմագրավել արտաքին սպառնալիքներին: Շեշտել է, որ ազգային միասնությունը վճռորոշ է, հատկապես, երբ հարցը հայրենիքին է վերաբերում։
«Մենք՝ հայերս, պետք է միասնական լինենք և մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները՝ սատար կանգնելու Ադրբեջանում կալանավորված մեր հայրենակիցներին», - ասել է նա: «Այսպես պետք է լինի ցանկացած հարցի դեպքում, որն առնչվում է մեր հայրենիքին ու մեր ազգին։ Մենք մեկ անկոտրում ազգ ենք։ Չնայած մեզ պատուհասած բոլոր փորձություններին՝ մենք մշտապես հաստատակամ ենք եղել մեր քրիստոնեական հավատքի մեջ, և հավերժ հավատարիմ ենք մնալու այն բանին, թե ով ենք մենք և ինչին ենք հավատում՝ որպես հայեր»:
--00—ՍՊ