ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Օտարերկրացին երեք ճամպրուկով ապօրինի կերպով փորձել է Հայաստան արտահանել 10,5 հազար արծաթյա զարդ, սակայն «Շերեմետևո» օդանավակայանում մաքսավորները նրան ձերբակալել են։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։
«Շերեմետևո» օդանավակայանում մաքսավորները կասեցրել են շուրջ 10,5 հազար արծաթյա իրերի ապօրինի արտահանման փորձը։ 2 մլն ռուբլի արժողությամբ զարդերը Երևան էր փորձում արտահանել Չինաստանից Մոսկվա ժամանած 50–ամյա օտարերկրացին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուղևորի երեք ճամպրուկներում հայտնաբերվել է զարդերի 273 փաթեթ, որոնցում եղել է մոտ 10,5 հազար իր, բոլորը՝ 925 հարգի արծաթից պատրաստված։ Տղամարդը մաքսային ծառայության աշխատակիցներին պատմել է, որ ապրանքը տանում էր Երևան` վաճառելու։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 226.1 հոդվածի 1-ին մասով։ Քաղաքացուն սպառնում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով կամ տուգանք մինչև մեկ միլիոն ռուբլի:
--00--ԱՀ