ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Երկու օր առաջ Փաշինյանը հրապարակեց ամիսներ առաջ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկը, որը վաղուց մերժվել էր Ալիևի տարբեր պաշտոնյաների կողմից։ Այս մասին գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը արձագանքեց Հայաստանի վարչապետի հոդվածին հայտարարելով.
«Եթե Հայաստանն իսկապես հետաքրքրված է կոմունիկացիաների բացմամբ, չպետք է իր պարտավորություններից խուսափի և կոմունիկացիաների բացման գործում պետք է գործնական քայլեր կատարի՝ տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան»։
Այսպիսով, ևս մեկ անգամ փաստում ենք, որ նոյեմբերի 9-ի հարթակին վերադարձն, ուղղակի, չունի այլընտրանք։ Նաև այս օրերին ակտիվորեն շրջանառվում է Ադրբեջանական բանտերում պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը։ Նրանց խնդիրն ևս կարող է քննարկվել նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակում։
Իհարկե, կարելի է շարունակել արհեստականորեն ձգձգել գործընթացը, մի քիչ փոփոխել առաջարկը ու էլի ուղարկել Բաքու, հետո էլի մերժեն, մի այլ առաջարկ պատրաստել և այդպես մինչև տեղի ունենա հերթական էսկալացիան։ Ի դեպ, հենց դրա մասին էր երեկ խոսում ԱԺ նախագահը՝ հայտարարելով, որ իբր էսկալացիայի վտանգ կա, բայց դրա առիթը չկա…
Բազմիցս ասել եմ՝ սա շատ նման է 2019 թվականի խաղաղության պլանի մերժմանը։ Այսօր դարձյալ խաղաղության պլանը մերժվում է ճիշտ այնպես, ինչպես այն մերժվել է 2020թ. պատերազմից առաջ։
Ի դեպ երեկ էլ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ալիևը հող է նախապատրաստում հարձակման համար…
Ժամանակ չունենք, գործ արե’ք»։
--00—ՅՄ