Ալիևը հող է նախապատրաստում հարձակման համար, ժամանակ չունենք, գործ արե’ք․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

photo_2025-03-06_18-03-29

Երկու օր առաջ Փաշինյանը հրապարակեց ամիսներ առաջ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկը, որը վաղուց մերժվել էր Ալիևի տարբեր պաշտոնյաների կողմից։ Այս մասին գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը  արձագանքեց Հայաստանի վարչապետի հոդվածին հայտարարելով. 

«Եթե Հայաստանն իսկապես հետաքրքրված է կոմունիկացիաների բացմամբ, չպետք է իր պարտավորություններից խուսափի և կոմունիկացիաների բացման գործում պետք է գործնական քայլեր կատարի՝ տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան»։

Այսպիսով, ևս մեկ անգամ փաստում ենք, որ նոյեմբերի 9-ի հարթակին վերադարձն, ուղղակի, չունի այլընտրանք։ Նաև այս օրերին ակտիվորեն շրջանառվում է Ադրբեջանական բանտերում պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը։ Նրանց խնդիրն ևս կարող է քննարկվել նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակում։

Իհարկե, կարելի է շարունակել արհեստականորեն ձգձգել գործընթացը, մի քիչ փոփոխել առաջարկը ու էլի ուղարկել Բաքու, հետո էլի մերժեն, մի այլ առաջարկ պատրաստել և այդպես մինչև տեղի ունենա հերթական էսկալացիան։ Ի դեպ, հենց դրա մասին էր երեկ խոսում ԱԺ նախագահը՝ հայտարարելով, որ իբր էսկալացիայի վտանգ կա, բայց դրա առիթը չկա…

Բազմիցս ասել եմ՝ սա շատ նման է 2019 թվականի խաղաղության պլանի մերժմանը։ Այսօր դարձյալ խաղաղության պլանը մերժվում է ճիշտ այնպես, ինչպես այն մերժվել է 2020թ. պատերազմից առաջ։

Ի դեպ երեկ էլ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ալիևը հող է նախապատրաստում հարձակման համար… 

Ժամանակ չունենք, գործ արե’ք»։

--00—ՅՄ