Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը պետք է մտահոգի Եվրախորհրդարանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

,

Եվրոպական խորհրդարանում Իռլանդիան ներկայացնող պատգամավոր Մայքլ Մակնամարան համոզմունք է հայտնել, որ Եվրոպական միության կառույցները պետք է մտահոգված լինեն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակով և գործուն քայլեր ձեռնարկեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայքլ Մակնամարան այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ընթացքում։ 

Պատգամավորի դիտարկմամբ՝ Եվրոպական միության կառույցները պետք է մտահոգված լինեն Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացմամբ, ինչն արտահայտվում է նաև նրանով, որ Բաքուն հրաժարվում է համագործակցել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հետ։ 

«Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը պետք է մտահոգի Եվրախորհրդարանին, իսկ Եվրահանձնաժողովը չպետք է լռի։  

Լեռնային Ղարաբաղից 16 անձանց և 8 նախկին առաջնորդների շարունակվող ձերբակալությունն ու դատավարությունը պետք է դատապարտվի Ստալինի ցուցադրական դատավարությունների նման»,-իր ելույթում նշել է պատգամավորը:  

Նա ընդգծել է, որ Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող դատավարություններին լրատվամիջոցների և դիտորդների հասանելիության մերժումը ևս պետք է դատապարտվի։ 

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը դատական ​​գործընթացներին զուգահեռ հրաժարվում է համագործակցել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ։ Ադրբեջանը փակում է նաև Կարմիր խաչի Բաքվի մասնաճյուղը, որը միակ միջազգային կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Բաքվում պահվող հայերին»,-ասել է Մայքլ Մակնամարան։ 

--00--ԱՀ