Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Screenshot_4

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին։

Հանդիպման մեկնարկին դեսպան Այազովը Հանրապետության նախագահին է փոխանցել թուրքմեն ժողովրդի առաջնորդ, Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերը՝ մասնակցելու Աշգաբաթում ընթացիկ տարվա դեկտեմբերին նշվող՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարի» խորագրով համաժողովին՝ նվիրված Թուրքմենստանի մշտական չեզոքության վերաբերյալ ՄԱԿ ԳԱ բանաձևի 30-ամյակին:

Այնուհետև, դեսպանն անդրադարձ է կատարել երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային համագործակցության և տնտեսական կապերի ընդլայնման հարցերին, ընդգծել այս ամիս Երևանում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի կարևորությունը՝ երկկողմ օրակարգի առաջ մղման գործում:

Հանրապետության նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական և կառուցողական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, հավելել, որ Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը ու կարևորել երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը։

--00—ՅՄ