ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Մյանմայի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3600-ի, իսկ վիրավորներին՝ 5017-ի: 160 մարդ դեռևս անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է China News պարբերականը։
Մյանմայի օդերևութաբանության և հիդրոլոգիայի վարչության տվյալներով՝ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ 98 հետցնցում է գրանցվել, որոնց ուժգնությունը տատանվել է 2,8-ից 7,5 մագնիտուդի սահմաններում:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի կողմից հրապարակված զեկույցում նշվել է, որ ավելի քան 17,2 միլիոն մարդ ապրում է տուժած շրջաններում և շտապ սննդի, խմելու ջրի, առողջապահական ծառայությունների, դրամական օգնության և ապաստանի կարիք ունի:
Երկրաշարժը համարվել է ամենախոշորն այս տարվա ընթացքում և ամենաուժեղը մայրցամաքում վերջին տասնամյակի ընթացքում:
Բանգկոկում երկրաշարժի հետևանքով ապրիլի 3-ի դրությամբ զոհվել էր 29 մարդ, ևս 34-ը՝ վիրավորվել։
Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։
Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
--00—ՅՄ