ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալները հաստատվել են, մասնավորապես, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2023 թվականի հունվարից 1-ից մինչև 2025 թվականի հունվար ամսվա 31-ն ընկած ժամանակահատվածում Ա/Ձ-ի կողմից թաքցվել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն։
Փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 250 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ։
--00--ԱՀ