ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Բրիտանական The Economist Group-ի հետազոտական և խորհրդատվական ճյուղ կազմող Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է «Ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցը, որում ներառված 165 երկրների և երկու տարածքների շարքում է նաև Հայաստանը:
Տվյալ զեկույցը ներկայացնում է աշխարհի տարբեր պետություններում ժողովրդավարության վիճակը: Փաստաթուղթը կազմելիս հեղինակները հաշվի են առել հետևյալ 5 գործոնները՝ ընտրական գործընթաց և պլյուրալիզմ, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, քաղաքական կյանքին մասնակցություն և քաղաքական մշակույթ:
Բացի այդ, մասնագետներն առանձնացրել են ռեժիմի չորս տեսակ՝ լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ:
Մեր երկիրը ներառվել է հիբրիդային ռեժիմ ունեցող պետություններ շարքում և բարելավել է իր դիրքերը 2018-ի համեմատ` 103-րդ հորիզոնականից բարձրանալով 86-րդ հորիզոնական:
Մեր հարևան Վրաստանը ցուցակում Հոնդուրասի հետ կիսում է 89-րդ հորիզոնականը, Թուրքիան զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը և Հայաստանի ու Վրաստանի հետ ներառված է հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում:
Ադրբեջանը ցանկում 146-րդն է և ընդգրկվել է ավտորիտար ռեժիմ ունեցող պետություննների շարքում:
Ռուսաստանն ու Իրանը նույնպես ընդգրկվել են ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքում: Ռուսաստանը 134-րդ հորիզոնականն է կիսում Կոնգոյի Հանրապետության հետ, իսկ Իրանը հանգրվանել է 151-րդ հորիզոնականում:
Առաջին հորիզոնականում Նորվեգիան է, հաջորդում են Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան: Վարկանշային աղյուսակը եզրափակում են Չադը, Սիրիան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Հյուսիսային Կորեան: