ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
20 տարվա օպերատիվ աշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը, երբեք չի պատմի իր անձնական և աշխատանքային զրույցների մասին վարչապետի հետ։ Այս մասին տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե եղե՞լ են անօրինական հանձնարարականներ Վանեցյանը պատասխանել է․
«Վարչապետը բազմիցս հրապարակայնորեն մեզ տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի…
Կռավարության նիստին վարչապետն ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները… Հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում… ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին, իբր ժողովրդական պահանջ է, և իբր նրանք հասարակությանը վտանգ են ներկայացնում: Վերջին իրադարձությունները նայելով և վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը: Անլրջացնում են: Մարդիկ արդեն ծիծաղում են: Դուք հասկանո՞ւմ եք՝ մարդուն բերման են ենթարկում, մարդը դուրս է գալիս և ծիծաղում է, հարցազրույց է տալիս և ինչ-որ անթույլատրելի արտահայտություններ է անում: Բայց ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: Եթե նպատակը մարդկանց վախեցնելը, լռեցնելն է… ես մի ավելի լավ առաջարկ ունեմ գործող իշխանություններին՝ Խորհրդային Միության տարիներին ով իրեն խելոք չէր պահում, բռնում էին՝ 15 սուտկա նստեցնում էին: Թող մի հատ օրենք ընդունեն՝ ով իրենց դեմ է խոսում, ով իրեն խելոք չի պահում կամ դաստիարակչական նկատառումներ՝ կստանա 15 սուտկա: Գոնե կասենք՝ օրենք են ընդունել, մի բան են անում: Ի՞նչ է նշանակում՝ մարդն ամբողջ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, գնում-հասնում է տուն՝ թևերը ոլորում են, պառկեցնում են գետնին՝ ոնց որ վերջին ահաբեկչին, բերում են ոստիկանություն, կես ժամ հետո բաց են թողնում: Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ:
Շատ կարևոր մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրականում գրվում է, որ ոստիկանությունը սաբոտաժ է անում և անհիմն բերման է ենթարկում մարդկանց, որ դեմ է հեղափոխությանը: Դուք հավատում եք, որ ոստիկանությունում կարող է լինել ինքնուրույն որոշում, որ գնան՝ հանրային, հասարակական, քաղաքական գործիչներին բերման ենթարկե՞ն: Իհարկե ո՛չ:
Կամ Փաշինյանի վերջին հանձնարարությունը ԱԱԾ-ին՝ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները»,- մեջբերել է 168.am-ը։