ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
«Մինչ Հայաստանում հիմնականում զբաղված ենք ներքաղաքական գզվրտոցով, ղարաբաղյան հակամարտության շուրջ կրկին տեղի են ունենում չափազանց ուշագրավ զարգացումներ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Ես չեմ վերլուծի ստեղծված իրավիճակը բանակցային գործընթացի շուրջ, քանի որ վերլուծելու նյութ պարզապես չկա ( բացի իշխանության ընդհանուր դեկլարատիվ հայտարարություններից), սակայն նշեմ մի քանի փաստ,որոնք, ըստ իս, կարիք ունեն պարզաբանման, և ոչ միայն մեր ԱԳՆ-ի կողմից, այլ այս պարագայում նաև համանախագահների։
Խնդրում եմ սա չընկալել որպես դավադրությունների տեսության հերթական դրսևորում, նամանավանդ որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձությունները գրեթե միակ «կետն է»,որտեղ ԲՈԼՈՐ հայերը պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ։
1-Ժնևում անցավ բանակցությունների բավականին երկար փուլ, սակայն հստակ տեղեկության պակասությունը թույլ չի տալիս նույնիսկ ենթադրել բանակցությունների ուղղության մասին ինչը իր հերթին առաջացնում է տարատեսակ ասեկոսեներ և մանիպուլյատիվ ստեր։
2- Համանախագահ պետությունների դեսպանները (որոնք հավատարմագրված են Ադրբեջանում) հանդիպում են այսպես կոչված` «ադրբեջանցի փախստականների» ղեկավարների հետ
Ճիշտ է, պետք է ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանն առայժմ նմանատիպ հանդիպում չի ունեցել։
3-Ասվում է, որ քննարկվում են «հումանիտար» նախաձեռնություններ...հստակ,ինչի՞ մասին է խոսքը: Սա պետք է անպայման հստակեցվի։
Կրկին հորդորում եմ իշխանության պատասխանատուներին, բացի ընդհանուր «լավ-լավ» բառերից, մաքսիմալ հստակ տեղեկություններ տրամադրել հանրությանը, իհարկե, հաշվի առնելով, դիվանագիտական լռության կանոնները»,- գրել է նա։