ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
«Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիա» հ/կ նախագահ Հովհաննես Հովսեփյանի և մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի մոտ կասկածվում է կորոնավիրուս:
Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի օլիմպիական թիմի պատասխանատու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:
Մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկած բռնցքամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարին Հայաստանի օլիմպիական թիմի հետ մրցավայր էր մեկնել նաև Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
«Մարտի 16-ի ուշ երեկոյան ՄՕԿ-ը հայտարարություն տարածեց Լոնդոնի մրցաշարը դադարեցնելու մասին: Մենք հաջորդ օրն անմիջապես որոշեցինք Հայաստան վերադառնալ: «Զվարթնոց» օդանավակայանում բոլորիս ստուգեցին, ջերմաչափում արեցին և խնդրեցին 14 օր ինքնամեկուսանալ: Որևէ մեկիս մոտ բարձր ջերմություն չգրանցվեց:
Հովհաննես Հովսեփյանը և մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը մեզանից հետո են վերադարձել Հայաստան: Նրանց ուղեկցել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով: Դեռևս հաստատված չէ նրանց վարակված լինելը, գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Մենք և թիմի մյուս անդամները տնային պայմաններում ենք անցնում մեր կարանտինը՝ բժիշկների հսկողությամբ: Յուրաքանչյուր առավոտ և երեկո մեզ զանգահարում են բժիշկները, ջերմաչափում ենք անում և նրանց հայտնում տվյալները: Ես ինքս էլ պարբերաբար թիմի անդամների հետ կապի մեջ եմ, բոլորը տանն են, լավ են, բարձր ջերմություն չունեն»,- ասաց Ռաֆայել Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում դադարեցված վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, 52 կգ քաշային Կարյուն Սողոմոնյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր: Սա Հայաստանի չորրորդ ուղեգիրն էր:
«Ուրախ եմ, որ հասցրեցինք մինչև մրցաշարի դադարեցումը օլիմպիական ուղեգիր նվաճել: Վերջերս տեղեկություններ ստացա բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիայից, որ մրցաշարը կանցկացվի երկու ամսից ոչ շուտ: Վիճակահանությունը կպահպանվի, այսինքն՝ կշարունակենք այնտեղից, որտեղ կանգ ենք առել: Այս օրերին բռնցքամարտիկները մարզվում են տնային պայմաններում: Բոլորն իրենց բակերում ունեն մարզվելու հարմարություններ: Մարզադահլիճներ չենք հաճախում, անձնական շփումները դադարեցված են այնքան ժամանակ, մինչև կավարտվի արտակարգ դրությունը»,- նշեց Ռաֆայել Մեհրաբյանը:
NEWS.am Sport-ի տեղեկություններով, Հովհաննես Հովսեփյանի և թիմի մարզիչի հետ նույն օդանավով Լոնդոնից Մոսկվա էր ժամանել նաև Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականը, որն այժմ մեկուսացված է: