ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Թուրքիայի ներքին գործերի նախարար, նախագահ Էրդողանի հավատարիմ զինակից Սուլեյման Սոյլուն ապրիլի 12-ի ուշ երեկոյան հայտարել է իր հրաժարականի մասին։ Պատճառը ՆԳՆ-ի կողմից անակնկալ կերպով ապրիլի 10-ի ժամը 00։00-ից մինչ ապրիլի 13-ի նույն ժամը Թուրքիայի 31 նահանգի խոշոր քաղաքներում հայտարարված փողոց դուրս գալու արգելքի հետևանքով առաջացած խառնաշփոթն է։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:
Արգելքի մասին հայտարարվել էր ուրբաթ գիշերը՝ դրա ուժի մեջ մտնելուց 2 ժամից առաջ, ինչի հետևանքով այդ բոլոր քաղաքներում մարդիկ շտապել են խանութներ առաջիկա 2 օրվա համար անհրաժեշտ սնունդ ու պարագաներ գնելու։ Դա էլ մեծ հերթերի ու կուտակումների պատճառ էր դարձել՝ ստեղծելով լուրջ ռիսկեր կորոնավիրուսի համաճարակի տարածման տեսանկյունից։
Այնուհետև բոլոր կողմերից քննադատության սլաքներն ուղղվել էին ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, որն էլ ընդունել էր կազմակերպչական առումով իր թույլ տված սխալներն ու հրաժարականի դիմում գրել։
Սոյլուի հրաժարականի վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչությունը՝ հայտարարելով, որ չի ընդունում այն։
«Պարոն նախարարն իր հրաժարականը ներկայացրել է պարոն նախագահին։ Նախագահը նրան տեղեկացրել է, որ հրաժարականի պահանջը պատեհ չի համարում։ ՆԳ նախարարի հրաժարականը չի ընդունվել, ուստի նա շարունակելու է պաշտոնավարել»,- նշված է նախագահականի հայտարարության մեջ։