ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ապրանքային շուկայում, սննդամթերքի շուկայում հուսալի վիճակ է:
«Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու», - ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Վրաստանի, Ռուսաստանի գործընկերների հետ սերտ գործարկցության արդյունքում այս պահին հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը. «Ներմուծումները սկզբունքորեն պրոբլեմ չեն եղել»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչն անցել է իր պարտականությունների կատարմանը։
«Ակտիվ մասնակցություն է ունենում, կարանտինից դուրս է եկել։ Նաև ՌԴ֊ում մեր դեսպանը գրավոր դիմել է Օսեթիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն, այսինքն՝ բոլոր անհրաժեշտ փոխգործակցությունը, որ կա, վերին աստիճանի միասնական, թիմային գաղափարով գնում է առաջ», - ասել է ՊԵԿ նախագահը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի ու Վրաստանի գործընկերներին Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծումներ տալու համար։