ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր և խորհրդարանի պատգամավորների անունից, Առաջին Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրվա առթիվ:
1918թ-ի մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի եւ միասնության դրսեւորմամբ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը:
Հանրապետության տոնն իր մեջ կրում է մայիսյան հաղթանակների խորհուրդը՝ վերածվելով հայ ազգի միասնականության եւ միաբանության լավագույն առհավատչյայի:
Երկրի եւ իշխանությունների առջեւ դրվող հրամայական խնդիրները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են լինում, սակայն միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը: Այդ համատեքստում անգնահատելի է պատմական եւ քաղաքական վճռորոշ իրադարձությունների ժամանակ ինքնամիաբանվելու, հաստատակամ եւ միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը:
Մաղթում եմ, որ կուռ եւ միասնական լինի հայի անպարտ ոգին, միաբանություն եւ միասնականություն Հայկական երկու պետություններին եւ աշխարհասփյուռ հայությանը:
Եվս մեկ անգամ շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրը»: