ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից Տնտեսական մրցակցության արդիական խնդիրներ և մարտահրավերներ թեմայով կազմակերպված վեբինար-քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ հանձնաժողովի փորձագետներ, եվրոպական երկրների բիզնես հանրության ներկայացուցիչներ:
«Վեբինարի ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկաներում բնականոն մրցակցության վրա Covid-19-ի ազդեցության, գործարարական հարաբերություններում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդգծել է քննարկվող հարցերի արդիականությունը՝ հաշվի առնելով, որ նոր կորոնավիրուսի համավարակը ոչ միայն բացասական ազդեցություն է թողնում հասարակության առողջության վրա, այլև մարտահրավեր է նետում բիզնեսին, տնտեսությանը, ինչպես նաև տնտեսական մրցակցությանը՝ ստիպելով որդեգրել նոր մոտեցումներ և նոր կանոններ։
«Համավարակի ողջ ընթացքում աշխատելով արտակարգ ռեժիմով՝ մենք փորձում ենք շուկայում ապահովել կայունություն, տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ տնտեսական մրցակցության օրենսդրության խախտման դրսևորումներից և վերահսկողություն ենք իրականացնում դրանց պահպանման նկատմամբ»,- մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը:
Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության փոփոխությունների շրջանառվող նախագծին և այլ հարցերի»:
--00—ԼՄ