ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 24news-ի հրապարակման հետքերով գնացել է Խնձորեսկ՝ տեղեկություններ իմանալու կորած քաղաքացու մասին։
«Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին:
Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է անասունների հետևից և չի վերադարձել: Տարածքի գյուղերի անասուններին պահում են ադրբեջանական դիրքերին մերձակա արոտավայրերում: Փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ընտանիքի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել մանրամասն տեղեկություններ անհետանալու և դրա հնարավոր վարկածների մասին:
Պետությունն ամեն ջանք պետք է ներդնի նախ այս դեպքը արագ բացահայտելու և քաղաքացուն իր ընտանիքին վերադարձնելու համար, իսկ առհասարակ' սահմանամերձ համայնքներում իրազեկման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նույնպես տեղեկացված է, և հուսով ենք շուտով դրական տեղեկություններ կստանանք Նարեկ Սարդարյանի մասին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ի առավոտյան ժամը 10։00-ից հետո գնացել է անասունների հետևից և չի վերադարձել։ Սարդարյանի հարազատներից Թեհմինա Գրիգորյանը 24News-ի հետ զրույցում պատմեց, որ մինչև այսօր ո՛չ Սարդարյանը կա, ո՛չ էլ իր ձին։
--0--ԱՀ