ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Բեյրութի նավահանգստում գրանցված պայթյունից երեք օր անց լիբանանցի զինվորները փլատակների տակից գտել են ողջ մնացած մի կնոջ: Արդեն ուժազրկված կնոջը փրկելու կադրերը հայտնվել են սոցկայքերում:
Դրանից ժամեր առաջ փլատակների տակից դուրս են բերել փոքրիկ մի տղայի: Հաջողությամբ է պսակվել նաև մի անչափահասի փրկությունը. նա պայթյունից հետո 24 ժամ անցկացրել է ջրի մեջ:
Կան նաև հակառակ պատմություններ. ափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա գտնում էին մարդկանց դիակներ: Մի քանի տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, նրանց լուսանկարները տեղադրվում են սոցկայքերում՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կարձագանքի, տեղեկություններ կհաղորդի:
--00--ԱԹ