ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգին:
Արման Թաթոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պաշտպանի աշխատակազմի միջև տարիներ շարունակ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն և իրականացվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:
Պաշտպանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հանդիպման ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսային համավարակի ընթացքում ծագած մարտահրավերները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները:
Հանդիպմանը քննարկվել է ինչպես դպրոցներում, այնպես էլ սոցիալական ցանցերում բուլինգից խուսափելու և համացանցից անվտանգ օգտվելու հարցեր:
Արման Թաթոյանը նշել է, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում մշտապես իրականացվում են այցեր երեխաների իրավունքների երաշխավորման նպատակով՝ շեշտելով, որ կարևորում է նման հաստատությունների ճիշտ վերակազմակերպումը:
Պաշտպանն անհրաժեշտ է համարել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման իրականացումը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։
--00--ԱՀ