ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Սյունիքի մարզում է: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը ողջ օրվա ընթացքում շրջելու է մարզի բոլոր բժշկական կազմակերպություններում` վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու պատրաստվածության աստիճանը գնահատելու համար:
Արսեն Թորոսյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ում հետ քննարկել են մարզում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպչական հարցերը:
Նախարարը նշել է, որ Գորիսի, ինչպես նաև մյուս բժշկական կազմակերպությունները պետք է մշտապես պատրաստ և զգոն լինեն` հաշվի առնելով ստեղծված այս իրավիճակում վիրավորներին բուժօգնություն ցույց տալու առաջնահերթությունն ու տարածաշրջանի կարևորությունը` հավելելով, որ Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերն ու առհասարակ ողջ բժշկական հանրույթն ամուր կանգնած է մեր հայրենակիցների կողքին:
Շրջայցի ընթացքում Արսեն Թորոսյանն այցելել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժածներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին: Զրուցելով վիրավորների և հարազատների հետ` նախարարը մաղթել է առողջություն, տոկունություն և շուտափույթ ապաքինում:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ