ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։
Սուրբ Պատարագի ավարտին, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց խաղաղության մասնավոր աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը պետք է վերառաքվեր նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։
Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթեցին՝ հայցելով, որ Տերը խաղաղության մեջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, անառիկ՝ հայրենյաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց զորականներին։ Ներկաներն իրենց հայցը բարձրացրեցին առ Աստված նաև վիրավորների ապաքինման, նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։
Մինչ աղոթքի արարողությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը բերեց ներկա ժողովրդին։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ